ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի եւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը եւ պահելով իր ճակատին` սպանության եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք է տալուց հետո հեռացել է:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել է 8 չկրակված փամփուշտ:
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























