Դերսիմը եղել է հայերի առաջին բնակատեղիներից մեկը, որի մասին վկայում են Դերսիմում հազարավոր հայկական գերեզմաններն ու քանդված եկեղեցիները: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողներին ասաց ՀՀ սփյուռքի նախարարության և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի կազմակերպած «Հիշողության արթնացում» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած՝ Դերսիմի հայերի միության ներկայացուցիչ Միհրան Փրկիչը:
«Հայոց ցեղասպանությունը փաստող խոսուն ապացույցներ են Դերսիմում գտնվող գերեզմանները, որոնց վրա հայկական անուններ են գրված: Այսօր Դերսիմի հայերն արդեն չեն վախենում և խոստովանում են, որ իրենք հայեր են, և իրենց պապերին սպանող թուրքերին ասում են, որ իրենց ընդունեն ու ճանաչեն որպես հայեր»,-ասաց Միհրան Փրկիչը:
Դերսիմի հայերի եւ ալեւիների միությունների նախագահ Սերքիան Սարիատաշը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Դերսիմի Քայիշօղլու Յարմասե կոչվող անդունդի եզրին, որտեղից թուրքերը 1915թ. հայերին գցելով սպանել են՝ հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Դերսիմի հայերի համար կարևոր հարցերից մեկն այն է, որ մոռացել են իրենց լեզուն։ Այդ բացը լրացնելու համար մեր առաջին գործը եղել է դասընթացի կազմակերպումը: Հատկապես ապրիլ ամսին շատ միջոցառումներ են լինելու: Նկարահանել ենք նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որտեղ պատմվում է, թե ինչպես են թուրքերը այս անդունդից հայերին նետել: Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհը տեսնի ու իմանա Հայոց ցեղասպանության մասին և ճանաչի այն»,-ասաց Սարիատաշը:
Դերսիմի Կարաջա գյուղի գյուղապետ, ազգությամբ ալեւի Էրոլ Սալտկը նշեց, որ Թուրքիայի պետությունը պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը. «Հայերի կոտորածի մասին պատմել է ինձ իմ հայրը: Նա ասում էր, որ Դերսիմի կոտորածների ժամանակ, երբ 9 տարեկան էր, մնացել է հայերի դիակների տակ և այդպիսով կենդանի մնացել»,-ասաց Սալտկը:
Դերսիմի միությունների դաշնակցության ղեկավար Ահմեդ Բալկըսն էլ ասաց, որ ««Հիշողության արթանցում» ծրագրի շրջանակներում իրենք որոշել են վերանորոգել Դերսիմի 162 հայկական եկեղեցիներից մեկը:
«Այսպիսով, փորձելու ենք վերակառուցել Դերսիմի պատմամշակութային հուշարձանները, որոնք վառ վկայություններն են այն բանի, որ այնտեղ ապրել են հայեր, որոնք սպանվել են թուրքերի կողմից»,-ասաց Բալկըսնը:





























