Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով առանցքային վկա Ռուսլան Գերեմեեւն ամենայն հավանականությամբ գտնվում է Չեչնիայում։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում  իր աղբյուրները։ Ականատեսների վկայությամբ՝ տունը, որտեղ նա ապրում է, գտնվում է խիստ հսկողության տակ։

Համաձայն վկաների ցուցմունքների՝ «Հյուսիս» գումարտակի վաշտի հրամանատար Գերեմեեւը Զաուր Դադաեւի հետ ժամանել էր Մոսկվա, որտեղ նրանց միասին էին տեսել հյուրանոցներից մեկում։ Հենց Գերեմեեւն է Նեմցովի ենթադրյալ մարդասպանին ծանոթացրել գործչի սպանության գործով անցնող Թամերլան Էսկերխանովի հետ։

Դադաեւն իր ցուցմունքներում նշել էր, որ ոմն Ռուսլիկ սպանության համար նրան 5 մլն ռուբլի էր խոստացել։ Մյուս մեղադրյալները նշել են, որ Ռուսլիկը Գերեմեեւի վարորդն է եղել։