Ախալքալաքում մարտի 24-ին Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված պահանջատիրական երթ է տեղի ունեցել:

Akhaltskha.net-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցների թիվը հասնում էր 150-ի: Մասնակիցները իրենց հետ տանում էին Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշները եւ տարբեր կարգախոսներով ցուցապաստառներ` ուղղված Հայոց Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը:

Մինչ երթն սկսելը Կենտրոնում հավաքվածներին հակիրճ ձեւով ներկայացվեց անցյալը, ներկան, ապագան, լույսն ու հավերժությունը խորհրդանշող գույներով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան Անմոռուկի գաղափարը եւ խորհուրդը, որից հետո շարժվեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի շենք, որտեղ սակրեբուլոյի (շրջանային ժողով) նախագահ Համլետ Մովսիսյանին, եւ Ախալքալաքի մունիցիպալիտետից ընտրված Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանին ԵԿ-ի կողմից փոխանցվեցին հետեւյալ բովանդակությամբ դիմում- նամակներ.

«Մենք՝ Ախալքալաքում գործող Կրթամշակութային Երիտասարդական Կենտրոնի ներկայացուցիչներս, մեր եւ մեր Կենտրոնի սաների անունից խնդրում ենք՝ Ձեր հնարավորությունների սահմաններում աջակցեք մունիցիպալիտետի սակրեբուլոյին, որ նրա առաջիկա լիագումար նիստն ընդունի ներքոթվարկյալ որոշումները․

1․- Ապրիլի 24-ը ընդունել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի , ոգեկոչման եւ ոչ աշխատանքային օր։

2․- Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ մտցնել ` Հայոց Ցեղասպանության ճանաչման վիրահայության պահանջը եւ այն ընդունելուց հետո առաջարկ - պահանջն ուղարկել Վրաստանի Խորհրդարան խնդրանքով, որ հայության դարավոր բարեկամ, նույն հավատքի պատկան երկիրը`Վրաստանը եւս ճանաչի Հայոց Մեծ Եղեռնի փաստը եւ դառնա այն երկրներից մեկը, որոնք համոզված են , որ ճանաչելով եւ դատապարտելով նշված իրողությունը՝ օժանդակում են ժողովուրդների նկատմամբ եղերագործությունների կիրառման դեմ պայքարի համամարդկային ուժերին»:

Նամակները փոխանցելուց հետո երթի մասնակիցները շարժվեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի , որտեղ քահանա Տեր Տաթեւ Մարուքյանի հետ աղոթեցին Ցեղասպանության զոհ դարձած հայերի համար: Կենտրոնի սաները Անմոռուկների պատկերով , տարբեր բովանդակությամբ թռուցիկներ բաժանեցին երթի ընթացքում հանդիպող անցորդներին եւ եկեղեցում հավաքված ախալքալաքցիներին: