Թբիլիսիում շաքարը մեկուկես անգամ ավելի էժան է, քան Հայաստանում։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի 2015թ. աշխատանքային պլանի քննարկման ժամանակ  հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Երեւանում մեկ կգ շաքարն արժի 395 դրամ, իսկ Թբիլիսիում՝ վերահաշվարկով 262 դրամ։ Ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց նման մեծ տարբերություն եւ կապ ունի՞ դա արդյոք այն հանգամանքի հետ, որ Հայաստանում շաքարի բիզնեսը պատկանում է մեկ մարդու՝ Սամվել Ալեքսանյանին։

Երեւանում բանանի մեկ կիլոգրամն արժի 1300 դրամ, իսկ Վիեննայում վերահաշվարկով այն արժի 500 դրամ։ Եթե պատճառն այն է, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով, որի պատճառով փոխադրումը թանկ է նստում, ապա, եթե հիշողությունս չի դավաճանում, Ավստրիան էլ ծով չունի։ Եվ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, բանանի բիզնեսն էլ կենտրոնացած է մեկ մարդու՝ Միհրան Պողոսյանի ձեռքում»,- նշեց պատգամավորը։

Պատասխանելով պատգամավորի հարցադրումներին՝ Պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ շաքարի մանրածախ գինը միջինում ավելի էժան է։ «Երեւան Սիթի» խանութների ցանցում այն արժի 369 դրամ»,- հայտարարեց նա։

 Պաշտոնյան հավելեց, որ շաքարավազի եւ բանանի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացվել են։ Բանանի արտադրության շուկայում  իշխող «Քեթրին գրուպ» ընկերությունը ստուգումներից մեկի ժամանակ արդեն պատասխանատվության է ենթարկվել։

«Մեզ համար նշանակություն չունի սեփականատիրոջ կարգավիճակը։ Թե որ ընկերությունը ում է պատկանում, մեզ չի հետաքրքրում»,- ընդգծեց Շաբոյանը։

Ինչ վերաբերում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը, ապա, Շաբոյանի խոսքով,  ընկերությունն արդեն չի զբաղվում շաքարի ներմուծմամբ, այլ արտադրում է տեղում։ «Շաքարի արտադրությունը մեծ ներդրումներ է պահանջում, եւ եթե հայտնվի ուրիշ ընկերություն, որը կցանկանա շուկա մտնել, նա ստիպված է լինելու մեծ միջոցներ ներդնել, իսկ շուկան սահմանափակվելու է միայն Հայաստանով։ Սակայն տեսականորեն շուկայում ոչ մի խոչընդոտ չկա, եւ ցանկության դեպքում այնտեղ կարող է մտնել ցանկացած ընկերություն»,- հայտարարեց Շաբոյանը։