Վատ որակը ցածր գնով թաքցնելը բարեխիղճ մրցակցության խախտում է: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի 2015-ի աշխատանքային պլանը:

Նա հիշեցրել է, որ ՏՄՊՊՀ-ն բազմիցս վեր է հանել նման դեպքեր, այդ թվում կաթնամթերքի խոշոր արտադրողների մոտ: Այսպես, 2011-ին տուգանվել են «Աշտարակ Կաթ», «Դուստր Մարիաննա» եւ «Անի Կաթ» ընկերությունները (Հայաստանում կաթնամթերքի խոշորագույն արտադրողներն են) արտադրության մեջ կոկոսի յուղ օգտագործելու համար:

«Իհարկե, ապրանքների որակին լիազորված են հետեւել այլ մարմիններ: Մենք հետեւում ենք այնքանով, որքանով որակի նվազումը թաքցնում են սպառողից՝ ներկայացնելով ցածր գին: Արդյունքում բարեխիղճ աշխատող ընկերությունները հայտնվում են ոչ ձեռնտու իրավիճակում: Նման խախտումներին մենք կշարունակենք հետեւել ու կանխել»,-ասել է Շաբոյանը: