Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետեւում է ադրբեջանական կողմն անցած հայ զինվորի վիճակին եւ երկխոսության մեջ է համապատասխան իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տվել ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներին հանդիպել Անդրանիկ Գրիգորյանին: Ջնայած դրան, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ վստահեցնելով, որ Գրիգորյանն իր պահման պայմանների ու առողջության հետ կապված բողոքներ չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 22-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Մարտի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, տարածել էին «հարցազրույց» հայ գերու հետ եւ ցուցադրել շփման գիծը «հատելու պահը»: ԼՂՀ ՊԲ-ն այդ տեսանյութը կեղծ է անվանել:

Բացի Անդրանիկ Գրիգորյանից, ադրբեջանական գերության մեջ է գտնվում եւս մեկ ԼՂՀ քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը: