Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը՝ Աշոտ Գրիգորյանը եւս ներկայացել է նախաքննական մարմնին: Նա հակամարտողներից Ղուկասյանների կողմից էր: Գործի շրջանակներում մեղադրյալներ Համլետ Գեւորգյանի, Հովհաննես Տոնոյանի եւ Դավիթ Հակոբյանի փաստաբան Թամարա Յայլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հույս ունի, որ Աշոտ Գրիգորյանը ցուցմունք կտա եւ կասի, որ իր պաշտպանյալները կապ չունեն միջադեպի հետ: Փաստաբանը հույս ունի նաեւ, որ նրա ցուցմունքից հետո իր պաշտպանյալների խափանման միջոցը կփոխվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:
Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, մեղադրյալների թիվը 5 է, կան նաեւ հետախուզվողներ:





























