Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Էդգար Մարտիրոսյանին այսօր՝ մարտի 26-ին տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում ունի հաստ եւ բարակ աղիների վնասումով:
Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով վիրավորված սպա Սարգիս Գաբրիելյանին նույնպես այսօր տեղափոխել էին հիվանդասենյակ: Նա ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:





























