Պարզվել է Կիեւի կենտրոնում փոխհրաձգություն սարքած ադրբեջանցիների ինքնությունը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական հարցերով առաջին քարտուղար Ասիմ Օսմանովը հայտնել է, որ Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներից մեկը՝ Դավուդ Աղաեւն է, մյուսը՝ Ուկրաինայի քաղաքացի Իգոր Ալիեւը:

Օսմանովը հայտարարել է, որ ձերբակալվածների նկատմամբ դատարանը համապատասխան որոշում կկայացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 26-ի ցերեկը ադրբեջանցիները Կիեւի ուղիղ կենտրոնում հոլիվուդյան ոգով փոխհրաձգություն են կազմակերպել: Հրաձգությունից հետո տեղի է ունեցել չարագործների հետապնդում, որի արդյունքում մի փոքր տուժել է մի ոստիկան, որին փորձել են մեքենայի տակ գցել փախուստի դիմող հանցագործները: Այդուհանդերձ, երեք ադրբեջանցիներից կազմված, մինչեւ ատամները զինված խմբավորմանը հաջողվել է ձերբակալել:

Հիվանդանոց է տեղափոխվել եւս մեկ տղամարդ, որին հանցագործները ցանկացել են սպանել, սակայն վիրավորել են ազդրից:

Ոստիկանությունում կարծում են, որ տեղի է ունեցել քրեական «ռազբորկա» երկու կազմակերպված հանցավոր խմբավորումների միջեւ:

Ոստիկանությունը ձերբակալման ժամանակ մեծ քանակությամբ զենք է առգրավել: