Ավելի քան 400 հազար մարդ է այցելել Սինգապուրի խորհրդարան՝ վերջին հրաժեշտը տալու երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուին, որը վախճանվել է մարտի 22-ին, 92 տարեկանում: Եվս 850 հազար մարդ մասնակցել է երկրի 18 շրջաններում կազմակերպված հրաժեշտի միջոցառումներին: Այս մասին գրում է Today Online-ը:
«Մենք չէինք ակնկալում, որ մարդկանց թիվն այդքան մեծ կլինի: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ համբերատարության եւ ըմբռնման համար»,- հայտարարել է երկրի փոխվարչապետ Թեո Չի Հեանը:
Լի Կուան Յուի հուղարկավորությունը կայանալու է մարտի 29-ին: Արարողությանը մասնակցելու են Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Հարավային Կորեայի նախագահի Պակ Կին Հեն, Թայլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան, Մյանմայի նախագահ Թեյն Սեյնը, Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու մտադրություն է հայտնել նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:





























