Դժվար թե հնարավոր կլինի պաշտպանել հաշվիչների ստուգաչափման շուկայի ազատականացման գաղափարը։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողներին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր  ինժեներ Հրանտ Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին այդ խնդիրը, համաձայն բնական գազի մատակարարման կանոնների,  հավուր պատշաճի լուծում է չափագիտության ազգային ինստիտուտը։ «Հայաստանում բոլոր գազային հաշվիչները առանց բացառության այսօր ստուգաչափվում են՝ լինեն դրանք տնային տնտեսության թե բիզնեսի հաշվիչներ։ Ինստիտուտի ներկայացուցիչը պլոմբ է դնում, այսինքն հաստատում է հաշվիչի ցուցմունքի հավաստիությունը։ Եթե նրանք այդ նախաձեռնությունը հանձնեն մասնավոր սեկտորի, ապա ի՞նչ նպատակով»,- ասաց Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ շուկան ազատականացնելու առաջարկով օրերս հանդես էր եկել Հայաստանում գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի ղեկավարությամբ։