2014թ. ընթացքում հանցագործությունների ընդհանուր թվի նվազման պայմաններում աճել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: NEWS.am-ին տվյալներ են հայտնի դարձել Դատախազության 2014թ գործունեության հաշվետվությունից, որը օրերս ուղարկվել է ԱԺ նախագահին:
Այսպես, միջին ծանրության հանցագործություններն աճել են 330 դեպքով (2013թ.` 3,743 – 2014թ.` 4,073), ծանր հանցագործությունները՝ 231 դեպքով (2013թ.` 3,088 – 2014թ.` 3,319), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 43 դեպքով (2013թ.` 130 – 2014թ.` 173): Միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների դեպքերի աճի հետ բացահայտման վիճակը վատթարացել է եւ կազմել է` միջին ծանրության հանցագործությունների համար 74.5% (2013թ.` 80.5%), իսկ ծանր հանցագործությունների համար` 54.8% (2013թ.` 58%):
Դրական միտում է նկատվել առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում: 2014թ. բացահայտումը կազմել է 86.1% (2013թ.` 80.8%): 2014թ. ընթացքում հանցագործություն կատարած 253 (2013թ.` 327) անձ եղել է նախկինում դատապարտված, որոնցից 120-ը (2013թ.` 163)` 2 եւ ավելի անգամ: 2014թ. հետախուզվել է 13,526 (2013թ.` 13,524) հանցագործ, որոնցից 1,777-ը հայտնաբերվել են: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ է մնացել 11,749 հանցագործ, որոնցից 10,448-ը կատարել է միջին ծանրության, 723-ը՝ ծանր, 196-ը՝ առանձնապես ծանր, իսկ 382-ը՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն:




























