Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունումը հայ-կիպրոսական դարավոր բարեկամության արդյունք է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 2-ին, Կիպրոսի խորհրդարանի ընդունած որոշումն այսպես մեկնաբանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը պատվիրակությամբ այս օրերին գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում:
«Կիպրոսի ներկայացուցիչների պալատի ընդունած օրենքը, ինչով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, հայ-կիպրոսական դարավոր բարեկամության արդյունք է։ Երկու եղբայրական ազգերը համատեղ ջանքերով հասնում են դրական արդյունքի, որից մեկն էլ սա էր»,- ասաց ԱԺ նախագահը:
Նշենք, որ օրինագիծն ընդունվել է ապրիլի 2-ին: Օրինագծով ենթադրվում է, որ Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10 հազար եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:





























