Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցներին խոստացել է նրանց պարտքերի մարման ժամկետների մասին հստակ պատասխան տալ «Նաիրիտում» Համաշխարհային բանկի անցկացրած աուդիտի պատասխանը ստանալուց հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած «Նաիրիտի» աշխատակից Ժորա Հովհաննիսյանը:

«Վարչապետն ասաց, որ 2 օրից համաշխարհային բանկն աուդիտը կավարտի եւ դրանից հետո ապրիլի 17-ին մեզ նորից կընդունի: Քննարկելու են գործարանի վերագործարկման հարցը, պարտքի մարման հարցը: Կոմունալ վճարների հարցում վարչապետն ասաց, որ չի կարող օգնել, միայն կարող է օգնել «Նաիրիտի» աշխատակիցների ուսանող երեխաների վարձավճարների որոշակի փոխհատուցման հարցում»,-ասաց Ժորա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վարչապետն ասել է, որ այժմ փորձում են նաեւ վաճառել «Նաիրիտի» «Կապույտ լիճ» տեղամասի խողովակաշարը, որից ստացված գումարով հնարավոր կլինի վճարել աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը:

Նաիրիտցիները դժգոհ մնացին վարչապետի այս պատասխանից: Նրանք խոստացան շարունակել ամենօրյա ցույցերը եւ դիմել ծայրահեղ միջոցների՝ նստացույցերի եւ ճանապարհներ փակելուն:

Նշենք, որ նաիրիտցիներից 5-ին էլ այսօր ընդունել է ԱԺ մշտական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որին աշխատակիցները պետք է ներկայացնեն աշխատավարձերի վճարման պարտքերի մարման հստակ ժամանակացույցի եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ գրավոր պահանջները:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: