Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները 2014թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 190 դեպքով ավելացել են` կազմելով 6,665 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազության 2014թ հաշվետվությունից, որը օրերս ներկայացվել է ԱԺ-ին:

2.3%-ով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: 2014 թվականին 166 դեպքով ավելացել են անձնական գույքի հափշտակության դեպքերը, մինչդեռ պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը նվազել են 14-ով: 119-ով ավելացել են բնակարանային գողության, 36-ով` կողոպուտի, 82-ով անձնական գույքին խարդախությամբ տիրանալու, 56-ով յուրացման կամ վատնման դեպքերը:  35-ով նվազել են պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը:

Հաշվետվության մեջ նշվում է, որ գրանցված բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է հարմարեցված բանալու կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականն անվնաս բացելու եղանակով, սակայն լայն տարածում ունեն նաև պատուհանից կամ պատշգամբից մուտք գործելու միջոցով կատարված գողության դեպքերը: Ըստ վերլուծությունների` սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նման ցուցանիշների առկայությունը պայմանավորված է ազգաբնակչության ծանր սոցիալական պայմաններով, արտերկիր մեկնած քաղաքացիների կողմից բնակարանները, շենք-շինությունները տևական ժամանակ առանց հսկողության թողնելու հանգամանքով:

Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև ավազակության դեպքերի շարժընթացում. եթե 2013թ. ընթացքում արձանագրվել է 73 դեպք, ապա 2014թ. ընթացքում` 69 դեպք, աճել է ավազակության դեպքերի բացահայտման ցուցանիշը: 2013թ. համեմատ 2014թ. ընթացքում 36-ով աճել են կողոպուտի դեպքերը: 2014թ. ընթացքում որոշակի բացասական փոփոխություններ են տեղի ունեցել խարդախությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերի շարժընթացում` արձանագրվել է նման հանցագործությունների աճ 82 դեպքով: