2014 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, 303 դեպքով նվազել են հասարակության անվտանգության եւ կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը` կազմելով 2,818: Այս մասին նշված է Դատախազության 2014թ հաշվետվության մեջ, որը օրերս ուղարկվել է ԱԺ նախագահին:
Այսպես, 2014 թվականին արձանագրվել է խուլիգանության 200 դեպք, որոնցից 30-ը կատարվել է զենքի գործադրմամբ: Խուլիգանության դեպքերը աճել են 15-ով, իսկ զենքի գործադրմամբ կատարվածները նվազել են 2-ով: Հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանք, որպես կանոն, կատարվել են ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվող անձանց կողմից, երեկոյան ժամերին, հասարակական եւ բազմամարդ վայրերում: Նախորդ տարվա համեմատությամբ 2014թ. 79 դեպքով աճել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ դրա ապօրինի շրջանառության դեպքերը` 512 դեպք: 2013թ. համեմատությամբ 203 դեպքով նվազել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը: 15 դեպքով նվազել են նաեւ մահվան ելքով ՃԵԿ-ի խախտման դեպքերը՝ 181 դեպք, սակայն աճել է այդ բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 97.2%:
Տրանսպորտային հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներ շարունակում են մնալ ճանապարհների շինարարական, ինժեներատեխնիկական եւ կառուցապատման աշխատանքներում առկա թերությունները, ինչպես նաեւ քաղաքային ճանապարհներին երթեւեկության նշանների, հետիոտնային նշագծումների, իսկ գյուղական բնակավայրերում նաեւ լուսավորության բացակայությունը, որոնք անուղղակիորեն նպաստում են այս բնույթի հանցագործությունների կատարմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը հիմնականում կատարվում են վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, սահմանված արագության գերազանցման, ինչպես նաեւ մայրուղիների որոշ հատվածներում լուսավորության եւ համապատասխան ճանապարհային նշանների բացակայության պատճառով: Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի մեծ մասը կատարվում է տաքսիների վարորդների կողմից:




























