ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ ապրիլի 2-ին, Աժ-ում ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին եւ նրան ներկայացրել հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներն ու ԲՀԿ-ի առաջիկա անելիքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲՀԿ մամուլի ծառայությունից:
ԲՀԿ նախագահը Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը շարունակելու է հետեւողական լինել երկրի առջեւ ծառացած լրջագույն համակարգային խնդիրների լուծման գործում: Համաձայն «Բարգավաճ Հայաստանի» եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ կնքված համագործակցության հուշագրի, Նաիրա Զոհրաբյանն ու դեսպան Թիան Էրլուն քննարկել են երկու կուսակցությունների միջեւ առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր. մասնավորապես՝ տնտեսական ոլորտում սկսված համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ երիտասարդական եւ կանանց կառույցների փոխայցերի հարցերը:
Իր խոսքում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Հայաստանի կարեւորագույն քաղաքական ուժերից է եւ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել արդյունավետ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ:





























