Մոտ ապագայում հայ-ադրբեջանական շփման գոտում պատերազմ չի սկսվի, սակայն հրադադարի խախտումները դադարեցնել եւս հնարավոր չի լինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Քաղաքական հեռանկարում պատերազմը հնարավոր չէ, բայց կրակոցներն էլ կանգնեցնել հնարավոր չէ, դա քաղաքական նպատակ ունի»,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ղարաբաղյան հարցը ոչ երկարատեւ կոնֆլիկտ է, որը փոխզիջումների ճանապարհով հնարավոր չէ լուծել:
«Ղարաբաղյան կոնֆլիկտը ոչ երկարատեւ կոնֆլիկտ է, այն բավականին նոր է, նկատի ունեմ՝ 1988թ-ից սկսած էտապը: Աշխարհում մոտ 50 նման կոնֆլիկտներից եւ ոչ մեկը կոմպրոմիսով չի լուծվել: Երբ արդեն ունես պետություն՝ իր էլիտայով, կարգով, կոնտրոլով, իր մենեջմենթով, իր ավանդույթներով, հեշտ չէ այսպիսի կոնֆլիկտներ լուծելը»,-ասաց Իսկանդարյանը:





























