Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում եզդիական համայնքի ներկայացուցիչները խմբակցության անդամներին են ներկայացրել փաստեր եւ վավերագրեր՝ եզդիների հանդեպ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ` ակնկալելով ՀՀ ԱԺ-ի կողմից համարժեք քաղաքական գնահատական: Եզդի համայնքի ներկայացուցիչները ԲՀԿ խմբակցությանն առաջարկել են նաեւ մինչեւ ապրիլի 24-ը ՀՀ ԱԺ-ի կողմից տալ քաղաքական գնահատական՝ Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկեցին Օսմանյան Թուրքիայում եզդիների հանդեպ տեղի ունեցածը «ցեղասպանություն» որակելու հարցը քննարկել ԱԺ-ում ստեղծվելիք աշխատանքային խմբում, որին ակտիվորեն կմասնակցեն նաեւ խմբակցության պատգամավորները:
Իսկ ինչ վերաբերում է այսօր Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին գնահատական տալուն, ԲՀԿ պատգամավորները խոստացան ԱԺ առաջիկա քառօրյայում բարձրացնել այդ հարցը:





























