Ադրբեջանցի դիվերսանտ, ցմահ ազատազրկման դատապարտված Դլիհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը մինչեւ ապրիլի 10-ը դիմի ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումը: Այս մասին NEWS.am-ին ասաց դիվերսանտի փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը:
Նա հայտնեց, որ այս հարցը քննարկել է Ասկերովի հետ եւ վերջինս է բողոքարկելու որոշումը կայացրել:
«Բողոքարկում ենք վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը: Երբ Վճռաբեկն էլ որոշում կկայացնի, այդ որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, իմ պաշտպանյալը կդիմի նախագահ Բակո Սահակյանին»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ մյուս դիվերսանտի՝ Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը նույնպես դիմելու է ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։





























