Հայաստանում գիտության մակարդակը այսօր տարածաշրջանում ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում։ Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ ԳԱԱ ամենամյա ժողովի ժամանակ հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ երկրի նախագահին տեղյակ են պահել այդ մասին եւ հայտնել, որ այդ արդյունքը շատ դժվար կլինի երկար պահպանել, քանի որ հետազոտությունների բազան՝ ենթակառուցվածքները, շենքերը, սարքավորումները ֆիզիկապես եւ բարոյապես մաշվել են։ «Այստեղ մենք խնդիր ունենք, եւ դրա լուծման համար անհրաժեշտ են պետական ծրագրեր»,- նշել է նա։

Մարտիրոսյանի խոսքով՝ երկրորդ հիմնական խնդիրը, որի մասին իրենք մշտապես տեղյակ են պահում նախագահին, գիտաշխատողների սոցիալական խնդիրներն են։  «Նախագահի անմիջական աջակցությամբ հունվարի 1-ից կրկնապատկվել են գիտական աստիճանների համար վճարվող գումարները։ Ավելացել է նաեւ Ակադեմիայի անդամների համար վճարվող գումարը»,- ասել է նա՝ նշելով, որ Ակադեմիան իշխանություններից աջակցություն է ստանում երկրի այսօրվա ունեցած հնարավորությունների սահմաններում։  «Մենք չենք կարող պնդել, թե իշխանությունները ուշադրություն չեն դարձնում գիտության խնդիրներին»,- եզրափակել է նա։