Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Կիպրոսի նախագահին ու խորհրդարանի ղեկավարին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից:
«Մեծ ուրախությամբ իմացանք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը միաձայն պատմական որոշում է կայացրել՝ օրենք ընդունելով, որով Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք է համարվում: Արդարեւ, մենք երբեք չենք մոռանա, որ 1975-ին Կիպրոսի խորհրդարանն աշխարհում երկրորդն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Այս ուրախ առիթով մեր ժողովրդի անունից մեր խորին շնորհակալությունն ու բարձր գնահատանքն ենք ուզում հայտնել Կիպրոսի խորհրդարանին՝ իր այս պատմական որոշման համար։ Այս քաջ որոշումն արդարության եւ մարդկային իրավունքների հանդեպ Կիպրոսի Հանրապետության ունեցած զորեղ հանձնառության շոշափելի արտահայտությունն է»,- գրել է Արամ Ա-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն, ապրիլի 2-ին, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ օրինագծի քննարկումը մարտի 26-ին հետաձգվել էր, քանի որ կիպրոսցի պատգամավորները վերապահություններ են ունեցել հարցի վերաբերյալ, նրանց մի մասն էլ ցանկացել էր, որ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ ընդունվի:





























