Զինված ուժերի համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի մշակման, թողարկման, մատակարարման, պաշտպանական գերատեսչության եւ ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունների փոխգործակցության եզրերի քննարկման նպատակով ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական արդյունաբերության վարչության եւ ոլորտի առաջատար մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սպառազինությունների արդիականացում, նոր տեխնոլոգիաների եւ մեթոդաբանության ներդրում, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, բազմակողմ ձեւաչափով ռազմատեխնիկական համագործակցություն: Այս ամենը պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից եւ առկա մարտահրավերներին համարժեք արձագանքելու հնարավորություններից են, որոնք ռազմական անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ են ստեղծում:

Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման  ծրագրերն իրատեսական են եւ իրագործելի: Ասվածի վկայությունն է նաեւ վերջերս ԱԺ-ում քննարկված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծը, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու ոլորտի հետագա զարգացման համար, խթանելու է ռազմարդյունաբերական համալիրի վերածումը տնտեսության կարեւորագույն եւ առաջատար ճյուղի:

Առաջին անգամ նման ձեւաչափով անցկացվող խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ նոր օրինագծի շրջանակում ռազմարդյունաբերական կազմակերպությունների ներկայիս վիճակի, արտադրական կարողությունների, ձեռքբերումների եւ բացթողումների իրատեսական գնահատումը, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ առաջարկությունների քննարկումը նոր էջ է բացում ոլորտի զարգացման եւ նոր ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք ընկերությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության կնքած պայմանագրերի գործնական արդյունքները, հայրենական ձեռնարկություններում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, նորոգման, պատվերների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, այդ պատվերների կատարման ընթացքում առաջացող դժվարությունները, ինչպես նաեւ ընկերությունների բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ ծրագրերը:

Հնչեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց իր դիրքորոշումը՝ հանդիպման մասնակիցներին տալով մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում ռազմարդյունաբերության համալիրի զարգացման եւ կայացման գործում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներ, պատվոգրեր եւ արժեքավոր նվերներ հանձնվեցին ոլորտի մի շարք պատասխանատուների եւ մասնագետների։