Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: Բարձր գնահատելով Արամ Հարությունյանի փորձառությունը եւ մասնագիտական գիտելիքները՝ վարչապետը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է արդյունավետ աշխատանք ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններով:«Մենք այս տարի ունենք մի քանի կարեւոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր եւ հետեւողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը եւ գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի», - նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ ոռոգման համակարգի բարելավման, ջրառի կազմակերպման, ինչպես նաեւ կառույցի մյուս գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետեւողական աշխատանքը: Վարչապետը նշել է, որ ոլորտում շատ անելիքներ կան, եւ կոմիտեում ձեւավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Հարությունյանին եւ մաղթել բեղմնավոր աշխատանք: Իր հերթին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ու վարչապետին վստահության համար եւ հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան արդյունավետ աշխատել ու հաջողություն արձանագրել: