Նիկոսիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսին նվիրված հրապարակում ունի կիպրական Phileleutheros-ը: Հայաստանի խորհրդարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Իոանիս Օմարուն:
Նա նշել է, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել հայ ժողովրդի դեմ իրագործած հանցագործությունը, իսկ որոշ երկրների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը ոգեշնչում է Թուրքիային: Կիպրացի պաշտոնյան քաղաքակիրթ բոլոր պետություններին նաեւ կոչ է արել ճանաչել XX դարի ամենասարսափելի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:
Ըստ Օմարուի, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների չճանաչումը հանգեցնում է դրանց կրկնությանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Կիպրոսի խորհրդարանն առաջինն է Եվրոպայում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդ որում՝ երեք անգամ. 1975, 1982 եւ 1990 թվականներին:





























