Արդյոք Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցածն իրավական առումով ցեղասպանությո՞ւն է. այս հարցի հասցեատերը Նիդերլանդների կառավարությունը չէ: Այսպես է պատասխանել Նիդերլանդների ԱԳ նախարար Բերթ Քունդերսը երկրի խորհրդարանի պատգամավոր Փիթեր Օմտցիգտի հարցին:
Նախարարի պատասխանները հրապարակվել են Նիդերլանդների կառավարության կայքում:
Իր հարցերում Օմտցիգտը նշել է, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում է աշխարհի գիտնականների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիան:
Հարցին, թե ինչպիսի՞ն է Նիդերլանդների կառավարության կարծիքը Օսմանյան Թուրքիայում հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության վերաբերյալ, Քունդերսը պատասխանել է. «Այս հարցում գիտնականների զգալի մասը միակարծիք է: Այսպես թե այնպես, այս պահին այդ տերմինի ընդունելիության վերաբերյալ կառավարության կարծիքը չի ազդի երկու երկրների (ըստ երեւույթին նկատի ունի Հայաստանին ու Թուրքիային-խմբ) կողմից իրենց ապագան ընտրելու անհրաժեշտության եւ այն իմաստավորելու վրա»:





























