Ազգությամբ հայ Աղասի Վարդանյանն ապրիլի 3-ից ԱՄՆ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցու մոտ սկսել է 55-օրյա ծոմը՝ այս կերպ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին NEWS.am-ին ասաց կազմակերպիչներից Մայք Ռամազյանը:

Աղասի Վարդանյանն ԱՄՆ է մեկնել 3 ամիս առաջ: Նա Գլենդելի քաղաքապետարանի հովանավորությամբ որոշել է 55 օր մնալ ապակեպատ փակ տարածքում:

«Միայն ջուր է խմելու, ուրիշ ոչինչ: Նրա նպատակն է, որ ԱՄՆ-ի հասարակությունն ուշադրություն դարձնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա արվում է հենց Ապրիլի 24-ի համար, այլ նպատակ չի հետապնդում»,- ասաց Մայք Ռամազյանը:

Աղասի Վարդանյանը 55 օր դուրս չի գալու 3 մ բարձրությամբ ու 3 մ լայնությամբ ապակե տարածքից, դրսի աշխարհի հետ որեւէ առնչություն չի ունենալու:

«Մարդիկ կարող են 24 ժամ հետեւել նրան, սակայն ինքը ոչ մեկի հետ կապի մեջ չի լինելու: Իր մոտ հեռախոս կա, ծայրահեղ դեպքում նա կարող է կապվել մեզ հետ, եթե հանկարծ խնդիր լինի»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Աղասի Վարդանյանն իր հետ վերցրել է հեռախոս, ջուր 55 օրվա համար եւ հագուստ: Նա գտնվելու է շուրջօրյա հսկողության ներքո: