ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական եւ դեմոկրատ անդամները նամակ են հղել երկրի նախագահ Բարաք Օաբամային՝ կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դա անել արդեն այս տարվա ապրիլին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։
Նամակին, որի նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ռոբերտ Դոլդն ու Ֆրենկ Փալոնեն, միացել է Ներկայացուցիչների պալատի 50 անդամ։ Նամակի հեղինակները կրկնել են Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հայտարարությունը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց 100-ամյակի տարում կհաստատի, որ Հայոց ցեղասպանությունը դատարկ պնդում կամ անձնական կարծիք չէ, այլ փաստ, որին ամրագրված են բազմաթիվ պատմական ապացույցներ։ Հայոց ցեղասպանության մասին նախագահի սկզբունքային հայտարարությունը կնպաստի անցյալում հնչեցրած դատապարտումների ամրապնդմանն ու ներկայումս Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների կարեւորության ճանաչմանը»,- ասված է նամակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների սենատորները համանման նամակ էին գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։





























