Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշին Լոնդոնի օդանավակայանում ձերբակալել են 2 ճամպրուկ կանխիկ գումարով։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ թուրք լրագրող Բարըշ Յարքադաշը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է թույլատրելի չափից ավել կանխիկ գումար տեղափոխելու համար։
Լրագրողը պնդել է, թե անգլիական ոստիկանությունը բռնագրավել է 2 ճամպրուկ կանխիկ գումար եւ հետաքննություն սկսել Էգեմեն Բաղըշի դեմ։
Նշենք, որ Էգեմեն Բաղըշը հանդիսանում է Թուրքիայում 2013-ին մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործի գլխավոր դերակատարներից։ Թուրքական մամուլում նշվել էր, որ Էգեմեն Բաղըշը մեծ չափերի կաշառք է վերցրել դիվանագիտական անձնագրերի եւ վիզաների տրամադրման համար։





























