Թբիլիսիում փոխհրաձգության հետեւանքով ոստիկան է սպանվել։ Ապրիլի 4-ի երեկոյան ոստիկանության Թբիլիսիի Իսանի Սամգորիի շրջանի վարչության 8-րդ բաժնի շրջանային տեսուչ-քննիչ Բեկա Մարգիշվիլին եւ դետեկտիվի օգնական Վալերիան Գրձելիշվիլին իրենց պարտականությունները կատարելիս են եղել Ջավախիշվիլիի փողոցում, մետրոյի «Վարկետիլի» կայարանի մոտ։ Նրանք կանգնեցրել են մի մարդու ստուգման նպատակով, սակայն վերջինս անսպասելիորեն կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, ապա դիմել փախուստի։ Կրակոցների հտեւանքով երկու ոստիկաններն էլ վիրավորվել են, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը։

Բեկա Մարգիշվիլին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացված վնասվածքներից մահացել է։ Երկրորդ ոստիկանի վիճակը գնահատվում է ծանր։

Քննչական գործողություններ են իրականացվում կասկածյալի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։