Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւը Ռուսաստանի Քննչական կոմիտե ներկայացնելու համար բողոք է պատրաստել, որտեղ պնդում է, որ սպանության պահին ինքը ալիբի ունի։
Դադաեւի խոսքով՝ փետրվարի 27-ի երեկոյան, երբ կատարվել էր հանցագործությունը, նա եղել է Նեժինսկայա փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկում, իսկ հետո գնացել է Վեերնայա փողոցի վրա գտնվող բնակարանը։ Այդ կապակցությամբ նա խնդրում է հանել մեղադրանքները իր վրայից։ Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։
Դադաեւը հրաժարվում է խոստովանական ցուցմունքից, որոնք տվել է ձերբակալությունից անմիջապես հետո։ Դադաեւը հայտարարել է, որ խոստովանական ցուցմունքը տվել է ճնշման տակ։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ Սպանության կասկածանքով ձերբակալվել են Զաուր Դադաեւը, Թամերլան Էսկերխանովը, Անզոր եւ Շահիդ Գուբաշեւները եւ Համզաթ Բախաեւը։





























