Գյումրիում խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի Էվիլիա Գյուլիշթեքինի սպանության գործով դատաքննությունը վերսկսվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ, ազգությամբ եզդի 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատական առաջին նիստը նշանակվել է ապրիլի 14-ին:

Նշենք, որ այս գործով դատավորը Մարտին Սարոյանի լիազորությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին դադարեցրել է: Նոր դատավոր է նշանակվել Վարդան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի եւ իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։