Երեւանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2015-ին ցանկալի ԱՊՀ քաղաքների թոփ 5-յակում: Այս մասին հաղորդում է հյուրանոցների առցանց ամրագրման ռուսական Oktogo.ru ռուսական ծառայությունը: Վարկանիշը կազմվել է ռուսաստանցիների կողմից ԱՊՀ երկրներում հյուրանոցների ամրագրման տվյալները հաշվի առնելով:
Ծառայության համաձայն, զբոսաշրջիկների համար ԱՊՀ երկրներից առավել ցանկալին Բելառուսն է, որին հաջորդում են Ուկրաինան, Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:
2015-ին ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ քաղաքների թոփ 10-յակում են Մինսկը, Կիեւը, Բաքուն, Ալմաթին, Երեւանը, Աստանան, Վիտեբսկը, Տաշքենդը, Բրեստը եւ Լվովը: Թբիլիսին կլիներ 7-րդ տեղում, եթե Վրաստանը ԱՊՀ անդամ լիներ:
Երեւան զբոսաշրջիկներն այցելում են միջինը երեք օրով եւ հյուրանոցների համար վճարում 60 դոլար՝ մեկ գիշերվա համար: ԱՊՀ քաղաքներից ամենաթանկը Աստանան է, իսկ ամենաէժանը՝ Բելառուսի մշակութային մայրաքաղաք Վիտեբսկը:
Աստանայում ռուսաստանցիները հյուրանոցի համար ծախսել են միջինը 138 դոլար՝ մեկ գիշերվա համար, իսկ Վիտեբսկում՝ 61 դոլար:
Oktogo.ru-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015-ին ԱՊՀ տարածքում ռուսաստանցիների այցելությունների 40 տոկոսը բաժին է ընկնում Բելառուսին, 17 տոկոսը՝ Ուկրաինային, 14 տոկոսը՝ Ղազախստանին, 10 տոկոսն՝ Ադրբեջանին, 8 տոկոսը՝ Հայաստանին, 5 տոկոսն՝ Ուզբեկստանին, 3 տոկոսը՝ Մոլդովային, 2 տոկոսը՝ Ղրղըզստանին եւ մեկ տոկոսը՝ Տաջիկստանին:





























