Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է լարվում. արդեն մի քանի ամիս է ինչ մարտական գործողությունները շարունակվում են եզդիաբնակ Շանգալում եւ եզդիները գործուն աջակցություն չեն ստանում միջազգային ուժերից: Այս մասին ահազանգ-հայտարարություն է տարածել «Սինջար եզդիների ազգային միավորումը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միայն դեկտեմբերին Իրաքի կառավարությունը ճանաչեց  Շանգալի պաշտպանության ուժեր միավորումը, որպես Իրաքի բանակի մաս: Այս ճանաչումից հետո Իրաքի քրդական ինքնավարությունը ճնշումներ սկսեց եզդի հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ: Այս օրերին ձերբակալվեցին մի քանի տասնյակ գործիչներ, իսկ ապրիլի 5-ի երեկոյան եզդիաբնակ Խանկե բնակավայրի իր տանը քրդական ոստիկանության կողմից ձերբակալվեց եզդիների հրամանատար Հեյդար Շաշոն: Քրդերը հայտարարում են, որ թույլ չեն տա եզդիական ինքնավարության ստեղծում եւ այդ ուղղությամբ կանեն ամեն քայլ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը կոչ է անում եւ խնդրում միջազգային հանրությանը անտարբեր չմնալ եզդիների խնդիրներին եւ թույլ չտալ քրդական իշխանություններին ճնշել Իրաքի եզդի բնակչությանը: Հայաստանում եւ աշխարհում բնակվող եզդիներին կոչ ենք անում համախմբվել ազգային դրոշի ներքո եւ պայքարել հանուն սեփական իրավունքների»: