Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային օրակարգի, արտաքին քաղաքական համակարգման, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) արդիական հարցերը։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։
Ապրիլի 8-ին կայանալիք բանակցությունների ընթացքում Լավրովն ու Նալբանդյանը կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, որում Ռուսաստանը, ի թիվս ԵՀԱԿ ՄԽ մյուս համանախագահների, ակտիվ դերակատարում ունի։
Մոսկվայում Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։ Պլանավորվում է հանդիպումներ ունենալ Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամի քաղաքագետների եւ ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր խմբագիրների հետ։
«Հիմնական գլոբալ եւ տարածաշրջանային թեմաների շուրջ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ բեղմնավոր համագործակցություն է հաստատվել։ Երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների գործող մեխանիզմների շնորհիվ՝ միջազգային քաղաքականության առանցքային հարցերի շուրջ պարբերաբար տեղի է ունենում կարծիքների փոխանակում է։ Մեր պետությունների դիրքորոշումները մեծամասամբ այդ հարցերում համընկնում են կամ մոտ են։
ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում ընդլայնվում է բազմաբովանդակ համագործակցությունը։ 2015թ. հունվարի 2-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանը դարձավ եվրասիական ինտեգրման լիիրավ անդամ։
Ռուսաստանն ու Հայաստանը կապված են միութենական գործընկերության կապերով, որոնց բազային սկզբունքները ամրագրված են 1997թ. օգոստոսի 29-ին կնքած Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապեության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրով եւ 2000թ. սեպտեմբերի 26-ին ստորագրած Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միութենական համագործակցության հռչակագրով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնեսական գործընկերն է։ 2014թ. 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,4 մլրդ դոլարը։ Այն հետագա կայուն աճի միտումներ ունի։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը հասել է 4 մլրդ դոլարի, ինչը բոլոր արտասահմանյան ներդրումների 40 տոկոսն է։ Դրանց հիմնական ճյուղերն են էներգետիկ ոլորտը, տրանսպորտը, բանկային սեկտորը, հեռահաղորդակցությունը եւ լեռնամետաղագործական արդյունաբերությունը։
Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է ռուսական կապիտալով գործող շուրջ 1.3 հազար ձեռնարկություն։ Երկրում արդյունավետ կերպով գործում են ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն, «Ինտեր ՌԱՕ»-ն, «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն, «Ռոսիյսկի ալյումինի» ԲԲԸ-ն, «ԱՖԿ Սիստեմա» ԲԲԸ-ն։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Ռուսաստան փոխադարձ քաղաքական երկխոսության հարաբերությունների հետագա զարգացման համար կարեւոր իրադարձություն կդառնա, եւ հիմք կծառայի հայ-ռուսական միութենական գործընկերության համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որի ընթացքում բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։





























