Նոր Նորքում փետրվարի 8-ին մոր կողմից բենզինով այրած 9-ամյա տղան 2 օր առաջ դուրս է գրվել Ճառագայթային բժշկության և այրվածքների

հանրապետական գիտական կենտրոնից: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի հայրը՝ Կարեն Նահապետյանը:

«Երեխայի վիճակը լավ է, ինքն իրեն լավ է զգում: Հիմա մենք մորս տանն ենք ապրում, մինչեւ բնակարանը վերանորոգենք»,-ասաց Կարեն Նահապետյանը:

Կարեն Նահապետյանը նշեց, որ քաղաքապետարանում խոստացել են վերանորոգել բնակարանը, սակայն դեռ չեն այցելել իրենց:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր վերանորոգել այրված բնակարանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է, ամբողջությամբ այրվել է բնակարանը։ Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս էին բերել 47-ամյա Ա. Ն-ին եւ նրա 9-ամյա Ֆ. Ն.-ին: Դեպքից երկու օր անց մայրը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ մայրը մուրճով հարվածել է երեխայի գլխին, ապա բենզինով այրել իրեն ու որդուն։ 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է։ Աննայի ամուսինը, որը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի, դեպքից հետո վերադարձել է Հայաստան: