Գերմանական Der Spiegel ամսագրի ֆոտոթղթակից Էնդի Շփիրային արտաքսել են Թուրքիայից՝ պատճառաբանելով, թե նա «Իսլամական պետության» անդամ է։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ մարտի 28-ին Ser Spigel-ի ֆոտոթղթակից Էնդի Շփիրան մեկնել է Թուրքիա։ Ստամբուլի օդանավակայանում նրան ձերբակալել են՝ պնդելով թե նա ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եւ արտաքսել Թուրքիայից։

Ֆոտոթղթակիցը նշել է, թե ինքը շատ է Թուրքիա մեկնել, բայց առաջին անգամ են իրեն սահմանից հետ ուղարկում՝ շեշտելով, որ չնայած Գերմանիայի դեսպանատան հավաստիացումներին՝ օդանավակայանի անվտանգության մարմիններն իրեն թույլ չեն տվել մտնել երկիր։

«Ես Հայոց ցեղասպանության հետ կապված նյութ էի ցանկացել պատրաստել Թուրքիայում։ Նախկինում էլ այդ թեմայով նյութեր պատրաստել եմ եւ հավանաբար դրա հետ է կապված ինձ Թուրքիա չթողնելը»-ասել է գերմանացի ֆոտոթղթակիցը։