Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն:

«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը։

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում են իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումը՝ նշելով, որ այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում:

Ըստ այդմ, խուզարկություններ են անցկացված նաեւ ՀԽ անդամների տներում: Խուզարկություններից հետո իրավապահները բերման են ենթարկել«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), «Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանին, Գյումրիի պատասխանատու Արամ Հակոբյանին, Երեւանից՝ նաեւ Գեւորգ Սաֆարյանին։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ հայտնել է հետեւյալը. «Հիմնադիր Խորհրդարանի» Գյումրիի համակարգող Արամ Հակոբյանին ձերբալակել են, տարել են ՀԽ Գյումրիի գրասենյակ, այնտեղ են խուզարկում: Արամի սեփական տան տանիքից նոր փաթեթավորած նռնակ են գտել: Պատմում են, որ տան բոլորը մի քանի օր է` օտար ավտո է ֆռֆռացել»:

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: