Հայատսանի Քննչական կոմիտեն հաստատում է, որ «Հիմնադիր Խորհրդարանի» Գյումրիի համակարգող Արամ Հակոբյանի տնից հայտնաբերվել է նռնակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ խուզարկությունների արդյունքների եւ քննության մասին առավել մանրամասն կհաղորդեն ավելի ուշ:

Նշենք, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արամ Հակոբյանին ձերբակալել են, նրա տան տանիքից նոր փաթեթավորած նռնակ են գտել:

Ավելի վաղ նշվել էր, որ խուզարկություններից հետո բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), «Հիմնադիր խորհրդարանի» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Հովհաննես Ղազարյանին, Գյումրիի պատասխանատու Արամ Հակոբյանին, Երեւանից՝ նաեւ Գեւորգ Սաֆարյանին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումը՝ նշելով, որ ապրիլի 7-ի առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում:

Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: