Ուկրաինայի հայերի միության՝ հայկական գրադարանային ֆոնդի համալրման ծրագրի շրջանակում Վ.Ի.Վերնադսկու անվան Ազգային գրադարանին հայագիտական եւ գեղարվեստական գրականություն է փոխանցվել: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը:
Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել կինոռեժիսոր Ռոման Բալայանը, նկարիչ Բորիս Եղիազարյանը, գեներալ-լեյտենանտ Վիլեն Մարտիրոսյանը, հասարակական այլ հայտնի գործիչներ, մտավորականության, հայ համայնքի, հոգեւոր շրջանակների եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:
Հասարակական գործիչներն ավելի քան 60 հրատարակություն են ներկայացրել: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը ներկաներին է փոխանցել Միության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը:
Ըստ AnalitikaUA.net-ի, Ազգային գրադարանի տնօրեն Վլադիմիր Պոպիկը նշել է, որ շատ կարեւոր է համարում նման միջոցառումների կազմակերպումը, որն ուկրաինական ընթերցողին եզակի հնարավորություն է ընձեռում ավելի մոտ ծանոթանալ հայկական մշակույթին եւ պատմությանը:





























