Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը եւ այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի:

Քննարկվել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպես նաեւ ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը եւ ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական կայունության եւ աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ու քայլերի շարունակականությունը:

Հանդիպմանն արծարծվել են նաեւ ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը եւ երկկողմ գործակցությանը վերաբերող այլ հարցեր: