Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ամենաակտիվ քննարկվող թեման կառավարության մոդելն է, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ մենք կարողանանք մարդու իրավունքների ոլորտում արդյունավետ մեխանիզմներ մշակել։ Այս մասին ապրիլի 8-ին՝ Հայաստանում խտրականության կանխմանը նվիրված հետազոտությունների ներկայացման շրջանակներում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում խտրականության չեզոքացման համար պետք է հենց հասարակությունը հանդուրժողական լինի։ «Ինձ համար խտրականությունը բացառող լավագույն տարբերակը հանդուրժողականությունն է։ Խտրականության մասին խոսելիս ամենակարեւոր տարրը հանդուրժողականությունն է։ Մենք պետք է կարողանանք հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել։
Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների ոլորտում եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունը։ Դա եվրոպական մշակույթ է, իսկ Եվրոպայի հետ մեր համագործակցությունը մեր քաղաքական ղեկավարության առաջնայնություններից մեկն է։ Մենք որոշում ենք կայացրել անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դա չի բացառում Եվրոպայի հետ համագործակցությունը»,- հավելեց Հովհաննես Մանուկյանը։
Նշենք, որ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Նիդերլանդների թագավորության աջակցությամբ հետազոտություններ է անցկացրել Հայաստանում խտրականությունը կանխող իրավական նորմերի եւ օրենսդրական բացթողումների կապակցությամբ։ Հետազոտության նպատակն է պարզել, թե Հայաստանում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության համար խտրականությունն արգելելու մասին առանձին օրենքի անհրաժեշտություն կա, թե ոչ։





























