Բնական գազի հարցում որոշումներ կայացնելիս իշխանությունը խորհրդարանի կարծիքը հաշվի չի առնում։ Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Գազի գնագոյացման հարցով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի զեկույցը։
«Ինչ-ոչ մեկը մեր կարծիքը հարցրե՞ց, երբ 2011թ. Ռուսաստանը որոշեց բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը։ 300 միլիոնանոց պարտք կուտակելիս մեզ ինչ-որ մեկը հարցրե՞ց։ Որեւէ մեկը մեզնից թույլտվություն հարցրե՞ց սեփականաշնորհման չենթակա պետական ընկերություն համարվող «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասերը վաճառե՞լ, թե՞ ոչ։ Առաջին հերթին պետք է քննարկել այս բոլոր հարցերը եւ հետո նոր միայն ֆինանսատեխնիկական հարցերը»,- ասել է Հակոբյանը։





























