ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել գերմանացի լրագրող, պատմաբան Վոլֆգանգ Գուստին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հարգելի պարոն Գուստ,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեզ համար թանկ են Ձեզ նման ազնիվ լրագրողներն ու պատմաբանները, որոնք որպես մասնագետ եւ որպես քաղաքացի՝ ջանք ու եռանդ չեն խնայում անաչառորեն փնտրելու, գտնելու ու վեր հանելու ճշմարտությունը:

Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը եւ ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին:

Շնորհակալություն Ձեր կատարած ծավալուն աշխատանքի եւ ցուցաբերած հստակ դիրքորոշման համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: