Հայաստանի խորհրդարանը սկսել է ԱԺ հայտարարության տեքստի քննարկումը, որով կոչ է արվում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարության կազմմանը միացել են բոլոր խմբակցությունները, բացի ՀԱԿ-ից:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը
- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» Օրենքը,
- արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,
- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովուրդի ունեցած ներդրումը,
- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.
Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:





























