Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների եւ արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առեւտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ  Բեռնադետ Գիրլինգերի եւ Ավստրիայի գիտության, հետազոտությունների եւ արդյունաբերության փոխնախարար  Էլմար Փիխլի հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, բարձրագույն կրթության ոլոտում իրականացվող միջազգային ծրագրերը, ինչպես նաեւ  ոլորտում վերջին տարիներին մեկնարկած եւ նախանշված բարեփոխումները:

Պատասխան խոսքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին, որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկրի կրթության նախարարի,  քարտուղարության  իրավասությունների շրջանակներում արդյունավետ աշխատանքների համար։  Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ առաջիկայում ԵՊՀ-ում բիզնես դպրոց բացելու հնարավորությունը եւ երկու երկրների միջբուհական կապերի ակտիվացման հետ կապված այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: