NEWS.am-ի հետ հարցազրույցում Դանիայի Թագավորությունում եւ Նորվեգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը պատմում է հայ-դանիական եւ հայ-նորվեգական հարաբերությունների, հեռանկարների, երկու երկրներում հայ համայնքների մասին:

Պարո՛ն դեսպան, խոսենք հայ-դանիական եւ հայ-նորվեգական հարաբերությունների մասին:

Որպես պատմաբան` ես հատուկ մասնագիտական հետաքրքրություն եմ ունեցել  հայ ժողովրդի եւ այլ ժողովուրդների միջեւ եղած պատմական առնչություններին եւ կապերին վերաբերող հարցերի նկատմամբ: Բնականաբար,ինձ հետաքրքրել են հայ-դանիական եւ հայ-նորվեգական պատմական առնչությունները եւս: Ցավով պետք է,սակայն,նշեմ, որ գիտական աշխատություններն այս թեմայով սակավաթիվ են: Բացառություն են կազմում մեկ-երկու գրքեր եւ մի քանի տասնյակ գիտական հոդվածներ, որոնք հիմնականում վերաբերում են հայ-սկանդինավյան պատմական առնչություններին:

Միեւնույն ժամանակ, դանիական աղբյուրներից հավաքագրել եմ մի շարք շատ կարեւոր հիշատակումներ հայ ժողովրդի, Հայաստանի մասին եւ հուսով եմ, որ հետագայում հնարավորություն կունենամ աշխատել հավաքագրված նյութերի վրա: Կարծում եմ, որ մեր պատմաբանների համար բավական հետաքրքիր կլինի մասնագիտանալ հայ-սկանդինավյան պատմական առնչություններում:

2011թ. աշնանը Կոպենհագենում բացվեց ՀՀ դեսպանությունը, ինչը մեր կառավարության ցանկության դրսեւորումն էր երկու բարեկամ երկրների միջեւ փոխհարաբերությունների խորացման եւ որակական նոր մակարդակի բարձրացման ուղղությամբ: Դեսպանության գործունեության մեջ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, ի թիվս այլ հարցերի,նաեւ Հայաստանի ճանաչելիության ընդլայնմանը, սոցիալական կապիտալի մեծացմանը, Հայաստանի եւ ՀՀ դեսպանության բարեկամների թվի ավելացմանը: Այստեղ պետք է նշել, որ Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով բացառիկ նշանակություն ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը աշխարհի առաջնության որակավորման փուլի ընթացքում, երբ Կոպենհագենում Դանիայի ֆուտբոլի հավաքականի հետխաղի ժամանակ մեր թիմը 90 րոպեի ընթացքում այնպես արեց, որ Հայաստանին Նորվեգիայում սկսեցին շատ ավելի լավ ճանաչել:

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հայ-դանիական գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Երբ խոսում ենք Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մասին, մենք շատ հաճախ դիտարկում ենք Սինգապուրի եւ Իսրայելի, երբեմն էլ Իռլանդիայի օրինակները: Սակայն հույս ունեմ, որ մենք ավելի ու ավելի ուշադրություն կդարձնենք Դանիայի օրինակին, մի երկիր, որ բնակչության քանակով սակավաթիվ է, եւ բնական ռեսուրսները սահմանափակ են, սակայն մշտապես առաջնային դիրքեր է գրավում բարեկեցության, կայուն զարգացման, մրցունակության,կոռուպցիայի ամենաքիչ մակարդակ ունեցող երկրի, ինչպես նաեւ երջանկության գլոբալսանդղակներում, որի համար շատ հաճախ Դանիան կոչում են փոքր գերտերություն:

Դանիական հրաշքի վրա իր զգալի ազդեցությունն է ունեցել դեռեւս 19-րդ դարի 50-ական թվականներին սկիզբ առած դանիական կրթական շարժումը:

Ինչպես արդեն նշեցի, ՀՀ դեսպանության գործունեության առաջնայնություններից է եղել Հայաստանի տեսանելիության բարձրացումը: Մեր կարծիքով՝ սա կարեւոր պայման է գործարար կապերի հաստատման եւ խթանման համար: Տնտեսական համագործակցության ոլորտում դեսպանության կողմից նախանշվել են այն ոլորտները, որոնց ուղղությամբ աշխատանքներեն տարվում համագործակցություն սկսելու եւ խորացնելու նպատակով: Այդ ուղղություններն են էներգախնայողությունը, վերականգնվող էներգետիկան, գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ձկնաբուծությունը եւ անասնապահությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաեւ զբոսաշրջությունը: 

Ուրախությամբ պետք է նշեմ, որ էներգաարդյունավետությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Դանիան հանդիսանում է աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկն այս ոլորտում, որի փորձն ու տեխնոլոգիաները շատ կարեւոր են ուսանելու եւ Հայաստանում ներդնելու տեսանկյունից:

Ձկնաբուծության ոլորտում նույնպես ուսանելի է Դանիայի առաջավոր փորձը, ինչը մեզ համար կարեւոր է, մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից:

Հայաստանը զգալի քանակությամբ խոզի միս է ներկրում, համոզված եմ, որ կարեւոր է զարգացնել խոզաբուծությունը: Այս առումով, հայտնի է, որ Դանիան աշխարհի ամենաշատ խոզի միս արտադրող եւ արտահանող երկրներից է:

Ուրախ եմ, որ Հայաստանի եւ Դանիայի տնտեսվարող կազմակերպությունները նշածս ոլորտներում աճող հետաքրքրություն են ցուցաբերում: Բնականաբար, այդ ոլորտներում համագործակցությունը պահանջում է բարձր տեխնոլոգիաների ներդրում, զգալի ռեսուրսներ եւ ժամանակ: Միեւնույն ժամանակ, դեսպանության համար կարեւոր էր նախանշել այնպիսի ոլորտներ, որոնք կարճ ժամանակում կապահովեն առաջընթաց եւ այդ առումով ամենահարմար ոլորտը զբոսաշրջությունն է:Այս ուղղությամբ զգալի առաջընթաց  կա. ավելանում էզբոսաշրջությամբ զբաղվող դանիական եւ նորվեգական այն կազմակերպությունների թիվը, որոնք իրենցզբոսաշրջային ծրագրերում առաջարկում են նաեւ դեպի Հայաստան այցելություններ:

Անդրադառնանք Դանիայի եւ Նորվեգիայի հայ համայնքներին: Ինչպիսի՞ պատմություն ունեն դրանք: Որո՞նք են համայնքներին հուզող հիմնական խնդիրներն այսօր:

Դանիայի, ինչպես նաեւ Նորվեգիայի հայ համայնքները Եվրոպայի փոքրաթիվ համայնքներից են, որոնք ինքնակազմակերպման շրջան են անցնում: Ներկայումս Դանիայում ոչ պաշտոնական տվյալներով բնակվում է 3 հազարից ավելի հայ: Նրանք Դանիայում բնակություն են հաստատել 1970-ական թվականներից՝ գալով Մերձավոր Արեւելքի երկրներից, իսկ 1990-ականներից նաեւ՝ Հայաստանից:Համայնքը մեծ ներուժ ունի, կան բավական թվով ինժեներներ, բժիշկներ, գիտաշխատողներ, իրավաբաններ, որոնք ներգրավված են պետական կառույցներում, գիտական եւ գործարար շրջանակներում:

Այս երկրներում ավանդական հայ համայնք չի եղել: Սակայն Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հայ որբեր որդեգրվել են դանիական եւ նորվեգական ընտանիքների կողմից: Դեսպանության այս տարիների գործունեության ընթացքում մենք առիթ ենք ունեցել հանդիպել դանիացիների, ովքեր հայտնել են իրենց հայկական ծագման մասին:

1983թ. իրանահայերի եւ լիբանանահայերի ջանքերով Կոպենհագենում ստեղծվել էՀայ Մշակութային միությունը, որն ակտիվորեն գործել է մինչեւ 1992թ. եւ իր մասնաճյուղն է ունեցել նաեւ Օրհուս քաղաքում: Միությունը կազմակերպել է համայնքի ազգային, հոգեւոր, մշակութային եւ կրթական գործերը: Կոպենհագենում գործել է կիրակնօրյա հայկական դպրոց` հայոց լեզու եւ պատմություն առարկաների դասավանդմամբ, լույս է տեսել «Հայը» եռամսյա պարբերականը, կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ:

Սակայն Միության գործունեությունն աստիճանաբար դադարել է` Դանիայում հայերի ցրված լինելու, իրանահայերի եւ լիբանանահայերի մի մասի` ԱՄՆ եւ Կանադա արտագաղթելու պատճառով:

Այնուհետեւ համայանքային կյանքում աշխուժություն են մտցրել Հայաստանից եկած հայերը: Կոպենհագենումսկսել է գործել«Նեկտար» մշակութային միությունը, «Հայ երիտասարդական միությունը», «Հայ երեխաների եւ մշակույթի տունը», Հոլբեկ քաղաքում գործել է «Հայաստան» մշակութային միությունը, որոնքժամանակ առ ժամանակկազմակերպել են մշակութային միջոցառումներ եւ ազգային տոնակատարություններ: Հայապահպանության գործունեություն է շարունակում իրականացնել նաեւ հայ-դանիական «ԴանԱրմեն» ասոցիացիան, «Արարատ» միությունը:

Դեսպանությունն արդյունավետ համագործակցություն է ծավալում հայ համայնքի հետ` նպաստելով համայնքի համախմբմանը, կարողությունների զարգացմանը եւ ինքնակազմակերպմանը:

2005թ. երջանկահիշատակ Գարեգին Տիգրանի ջանքերով գրանցվել է Հայ առաքելական եկեղեցու կրոնական խորհուրդը, որը վերակազմավորվել է 2014թ: Այս տարվա ապրիլի սկզբին Դանիա ժամանեց Դանիոհայ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, ինչն անխոս մեծ իրադարձություն է տեղի համայնքի համար:

Մեծ ներուժ ունի համայնքի երիտասարդությունը, որոնց ջանքերով 2013թ. ստեղծվել է «AmStream» հասարակական կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալում Դանիայի, Նորվեգիայի եւ Հայաստանի միջեւ բիզնեսի, մշակույթի, գիտության, տուրիզմի բնագավառներում համագործակցություն եւ կապեր հաստատելու նպատակով: «AmStream»-ի շրջանակներում գործունեություն են իրականացնում 20 հայ եւ օտարազգի երիտասարդ մասնագետներ տարբեր բնագավառներից:

Լիահույս ենք, որ ինքնակազմակերպման շրջանն անցնելուց հետո այս երկրներում մեր համայնքները ի զորու կլինեն լուծելու համայնքին հուզող խնդիրները եւ դառնալու մեր կազմակերպված եւ նշանակալից համայնքներից մեկը:

Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են ծրագրված Դանիայում այդ առթիվ:

Ես վերեւում նշեցի հայ-դանիական պատմական առնչություններին վերաբերող սակավ տեղեկությունների մասին, ինչը, սակայն, չի կարելի ասել Հայոց ցեղասպանության կապակցությամբ դարասկզբին Դանիայում եւ Նորվեգիայում սկիզբ առած հայասիրական շարժման մասին: «Հայ ժողովրդի դանիացի բարեկամներ» կազմակերպությունը, 1902 թվականից սկսած, հայանպաստ գործունեություն էր իրականացնում Դանիայում` փրկելու հայերին Օսմանյան կայսրությունում կոտորածներից: Մինչեւ անցյալ դարի 30-ական թվականները Դանիայում շարունակվում էր «Հայ ժողովրդի դանիացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը: Հայասիրական շարժման մեջ իրենց գործունեությամբ առանձնանում են դանիացի մարդասեր Կարեն Եփփեն եւ միսիոներուհի Մարիա Յակոբսենը, որոնք տասնյակ հազարավոր հայ երեխաների ու կանանց կյանքերեն փրկել Հայոց ցեղասպանության տարիներին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հենց դանիացիների եւ նորվեգացիների կողմից,եւ տպավորություն այնպիսին է, որ հարյուր տարի անց դանիացիների եւ նորվեգացիների հիշողությունն արթնանում է,եւ կրկին սկսվում է հայասիրական շարժումը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելու են տասնյակ միջոցառումներ, որոնցիցկառանձնացնեմերեքը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Դանիայի Կոպենհագեն, Օլբորգ քաղաքներում, ինչպես նաեւ՝Օսլոյում:Այնուհետեւ տեղի է ունենալու էկումենիկ արարողություն Կոպենհագենի մայր տաճարում, որի ժամանակ հայկական  հոգեւոր երգերի կատարմամբ հանդես են գալու ՀայաստանիԲերդ քաղաքի պատանեկան երգչախումբը դանիական Հասլեւ քաղաքի երիտասարդական երգչախմբի հետ միասին: Հատկանշական է, որ արարողության ժամանակ Դանիայի հովվապետերից մեկը կրելու է դեռեւս 1924թ. Մարիա Յակոբսենի կողմից բերված 18-րդ դարի հայ քահանայի շուրջառը:

Ապրիլի 23-ին Կոպենհագենի Սուրբ Խաչ եկեղեցում ուղիղ հեռարձակում է լինելու Սուրբ Էջմիածնից` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության,եւ տեղի է ունենալու համաժամանակյա պատարագ, այնուհետեւ հնչելու են եկեղեցու 100 զանգերը` խորհրդանշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երեկոյան դանիական եկեղեցական արարողություն է լինելու, որի ժամանակ եկեղեցում վառվելու են 1,5 միլիոն լույսեր` խորհրդանշելով Հայոց ցեղասպանության զոհերի թիվը:

Ապրիլի 23-ի երեկոյան Կոպենհագենի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված«DRAEM» (DanishRemembaranceArmenianEmphatyMessenger)ճարտարապետական եւ ինտերակտիվ հուշարձանի բացման մասին ներկայացումը, որը կտեղադրվի այս տարվա ընթացքում: Այս ճարտարապետական հուշարձանի հեղինակն է ամերիկահայ հայտնի ճարտարապետ ԱլենՍայեղը եւ իր ճարտարապետական արվեստանոցի ներկայացուցիչները: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ալենին, ինչպես նաեւ այս նախագծին նվիրյալբոլոր մասնակիցներին:Հուշարձանի բացումից հետո մեր հայրենակիցները եւ Հայաստանի բարեկամները ամբողջ աշխարհից հնարավորություն կունենան ինտերակտիվ կերպով հաղորդակցվելու «DRAEM»-ի հետ սոցիալական ցանցերի միջոցով:

Ապրիլի 24-ին անցկացվելուէ հրապարակային միջոցառում, որի ժամանակ հանդես է գալու նաեւ Հայաստանից Բերդ քաղաքի պատանեկան երգչախումբը դանիական երգչախբի հետ միասին: 

Եվ վերջապես, մայիսի 2-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված եւս մեկ միջոցառում է անցկացվելու, այս անգամ Կարեն Եփփեի ծննդավայրում` Գյուլինգում: Պետք է նշեմ, որ ՀՀ դեսպանության բացումից ի վեր ավանդույթ է դարձել ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը այցելել Գյուլինգ` հայ համայնքի եւ դանիացի, ինչպես նաեւ ասորի բարեկամների հետ միասին`Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն անցկացնելու եւ միաժամանակ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Եփփեի հիշատակին:

Հաշվի առնելով վերջերս նորվեգական մամուլում ու նաեւ հայկական մամուլում տեղ գտած քննադատական հրապարակումները` ցանկանում եմ մի քանի մեկնաբանություններ անել: Նորվեգական մամուլում քննարկվում է, որ Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը Նորվեգիաններկայացնելու էՀայաստանում Նորվեգիայի դեսպան ԼեյդուլվՆամտվեդը: Նորվեգացի մտավորականները խիստ քննադատության են ենթարկել սեփական կառավարությունը` համարելով, որ Նորվեգիայի ներկայացվածության մակարդակը չի համապատասխանում Նորվեգիայի վարկանիշին, որ այդ երկիրն ունի միջազգային պարտավորությունների շրջանակներում, ինչպես նաեւ շեշտվում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը հայ-նորվեգական համատեղ հիշողության եւ պատմության մաս է կազմում:

Սակայն, համոզված եմ, որ թե՛ Նորվեգիայի եւ թե՛ Դանիայի պարագայում մենք ականատես կլինենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներկայիս դիրքորոշման փոփոխության: Իմ այս համոզմունքը պայմանավորված է նրանով, որ ընդամենը 10 տարի առաջ անգամ հրապարակումներում հնարավոր էր հանդես գալ բացարձակ ժխտողականության դիրքերից` նույնությամբ կրկնելով թուրքական ժխտողականության թեզերը: Սակայն  այսօր արդեն բացարձակ ժխտողականությունըկամ առկա չէ, կամ էլ վերափոխվել է քողարկված ժխտողականության, եւ դժվար է պատկերացնել որեւէ քաղաքական գործչի, ով կհայտարարի, որ Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել, մի բան, որ հնարավոր էր10 տարի առաջ:

Հայկական համայնքը եւ Հայաստանի բարեկամների հոծ բազմությունը եւ մամուլը ուշի ուշով հետեւում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ  քննարկումներին եւ զարգացումներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների եւ տեղեկատվության տարածման առումով որոշակի ծրագրեր են իրականացվում Նորվեգիայի կառավարության օժանդակությամբ, մասնավորապես ցանկանում եմ հատուկ ընդգծել այս տարվա մարտ ամսին տեղի ունեցած «REDZONE» փառատոնը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ իրականացվեց Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ: Փառատոնի շրջանակում անցկացված միջոցառումները հաջողություն ունեցան:

Պարո՛ն դեսպան, դիվանագետի աշխատանքը բարդ ու ժամանակատար է: Ինչպե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Մեր կեցավայրը գտնվում է ՀՀ դեսպանության շենքում, ինչը նպաստում է 24 ժամ աշխատանքի մեջ գտնվելու զգացողություն ունենալուն: Կինս ու դուստրս նույնպես կիսում են այդ զգացողությունը «հաճույքով»:

Վերջում ավանդական հարցն է` ուղղված մեր բոլոր դեսպաններին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Ես ծանոթացա իմ հարգարժան գործընկերների արտահայտած մտքերին եւ խորհուրդներին այս հարցի կապակցությամբ, որոնք շատ օգտակար են նաեւ ինձ համար: Միանալով նրանց խորհուրդներին՝ կցանկանամ հորդորել երիտասարդ ապագա դիվանագետներին լինել բաց, չսահմանափակվել միայն պաշտոնական շփումներով:

Եվ նաեւ, կուզեի նշել, որ հարկավոր է գործել ստեղծագործաբար եւ չվախենալ սխալվելուց՝ իհարկե, աչքի առաջ ունենալով եւ գիտակցելով «կարմիր գծերը», ինչը պետք է օգնի միշտ սթափ եւ ադեկվատ գնահատել իրավիճակը:

Ծննդյան ամսաթիվն ու վայրը

1979թ. դեկտեմբերի 27, Հայաստան

Կրթությունը

2000թ. Երեւանի պետական համասլարանի պատմության ֆակուլտետ, պատմաբան

2004թ. Վորոնեժի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու

2004թ. Ռուսաստանի Արտաքին Գործերի Նախարարության Դիվանագիտական Ակադեմիա, միաջզգայնագետ

Աշխատանքային փորձ

2002-2005թթ. «Ավտոբանինվեստ-ցենտր», Արտաքին Տնտեսական Հարաբերությունների Դեպարտամենտ, տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան

2005-2007թթ. «Ազգային Էկոլոգիական Արդյունաբերական Ալյանս», Զարգացման Դեպարտամենտի տնօրեն, Մոսկվա, Ռուսաստան

2007թ. Հայաստանի Հանրապետություն, Փոխվարչապետի խորհրդական

2007-2010թթ. «Ազգային Էկոլոգիական Արդյունաբերական Ալյանս», Նախագահ, տնօրենների խորհրդի անդամ, Մոսկվա, Ռուսաստան

2010-2011թթ. «Ազգային Էկոլոգիական Արդյունաբերական Ալյանս», տնօրենների խորհրդի անդամ

2011թ. օգոստոսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

2012թ. մարտի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն)

Օտար լեզուները

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի դուստր:

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. ԱՐմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան