Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նշանակվել է առաջին դատական նիստը: Գործով մեղադրյալ, «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նիստը կկայանա ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին:
Դատավարությունը կընթանա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ, նստավայրը՝ Արթիկ: Փաստաբանը նշեց նաեւ, որ Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Մանվել Վարդանյանի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:





























