Գերի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը սպասելի եւ կանխատեսելի էր: NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով գերու դեմ հարուցված շինծու քրեական գործը՝ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի դատավարությունը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, անցկացվում է դռնփակ:
«Ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել բռնապետական ռեժիմից: Առավել եւս՝ հայկական կողմի հաղթանակների ֆոնին ինչպես սահմանային միջադեպերում, այնպես էլ դիվանագիտական հաջողությունների եւ Հռոմի Պապի հայտարարության պարագայում: Ադրբեջանցիները փորձում են հնարավորության սահմաններում «հավասարեցնել հաշիվը»: Դժվար թե կարելի է ազնիվ քայլ համարել, երբ գերուն ստիպում են «խոստովանել», որ ինքը դիվերսանտ է: Դատավարությունը փակ դռների հետեւում անցկացնելը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում են նույնիսկ սեփական հասարակությունից: Գուցե հանկարծ որեւէ լրագրող ավելորդ մի բան գրի… Վաղուց է հայտնի. որքան ավելի ստոր, այնքան ավելի վախկոտ»,- նշեց Արկադի Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Այդ պահից սկսած մեկուկես ամիս ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չէին տալիս այցելել նրան: Արագորեն կազմված շինծու քրեական գործի շրջանակում Բաղդասարյանը մեղադրվում է դիվերսիա իրականացնելու մեջ:




























